ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր մենք դեռ ճանապահին ենք, ունեցածը չգնահատելու և չունեցածը չգիտակցելու միջակայքում

Այսօր մենք դեռ ճանապահին ենք, ունեցածը չգնահատելու և չունեցածը չգիտակցելու միջակայքում
03.07.2009 | 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՆՔ, ԺԱՄԱՆԱԿԸ
2005 թվականի նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեն գերազանցեց բոլոր սպասելիքները. րոպեում 45 քվեարկող արագությամբ հայերս կարող էինք մտնել Գինեսի գիրք: Բայց Գինեսի գրքում գրանցվելու համար փաստերը ստուգվում են, ու մենք զրկվեցինք այդ պատվից: 2005 թ. նոյեմբերի 27-ից հետո այդ պատրանքն էլ կորցրինք:
Իսկ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր սկսվել... Ազատության հրապարակում, շեփորով, ինքնաճանաչումի ու ինքնագիտակցումի ոգևորության, ազգային հույսերի ու ազգային պայքարի, ազգային ընդհանրության ու համերաշխության օրերին: 88-ից: Սկիզբը Հռչակագիրն էր` Հայաստանի երրորդ Հանրապետության ծննդյան վկայականը: Անկախ պետությունը պիտի ունենա սեփական Սահմանադրություն` գիտակցությունը կար, ազնիվ ու շատ ազգային մղումներով, ամեն քայլափոխին հեծանիվ հնարելու պատրաստակամությամբ ու համաշխարհային փորձի գոյությանն անգիտակ... Առաջինների ճանապարհը միշտ էլ անցնում է ոտնահետք չտեսած տարածքով: Գերագույն խորհուրդ` առաջին խորհրդարան, սահմանադրության որոնումներ մի քանի տարի` տասնյակ ու հարյուրավոր նիստեր, տասնյակ երկրների փորձի ուսումնասիրություն ու մեկի նախապատվություն, շարադրանք ու նորից քննարկումներ: Մենք անցել ենք այդ ճանապարհը: Այդ հետո մենք միանգամից այնքան ժողովրդավար ու արխային դարձանք, որ մեր ստեղծած արժեքները ոտնահարելու իրավունք վերագրեցինք մեզ: Մեր մի մասը մեր մյուս մասին չհասկացավ ու մեղադրեց` անցել էր ազգային միասնության մեղրամիսը, սկսվել էր առօրյան: Այդ հետո մենք միանգամից այնքան հզոր ու իմաստուն զգացինք մեզ, որ պառակտումի որոմը խառնեցինք պետության գոյության ցորենին: Անփորձ էինք: Պատերազմի ու հաղթանակի անսովոր: Ինքնահավան:
1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունեցինք մեր առաջին Սահմանադրությունը: Առաջին սխալը հանրաքվեն ու խորհրդարանական ընտրությունները համատեղելն էր: Ընտրությունների արդյունքներից բոլոր դժգոհները պարտադիր մի քար էլ Սահմանադրության վրա էին շպրտում` դե հո չէ՞ր կարող անարդար ընտրություն ու արդար հանրաքվե լինել: ՈՒ մինչ միմյանց մեղադրանքներ էին ներկայացնում` ով ինչքան ու ինչու կեղծեց, Սահմանադրությունը գործում էր ու կարգավորում պետության կյանքը, մեծ տան առաջին երեխայի պես, որն ինչ-որ պահից մեծերի հետ կիսում է բոլոր հոգսերն ու ուրախությունները:
2005 թ. մենք բարեփոխեցինք, քաղաքական նոր իրավիճակին պատշաճ տեսքի բերեցինք մեր երկրի Հիմնական օրենքը, մենք արդեն այնքան անտարբեր ու անհավես էինք դարձել: Մենք կամաց-կամաց սկսել էինք մոռանալ մեր 88-ը ու մեր շեփորը, ՄԵՐ Սահմանադրությունն արդեն դարձել էր ԵՐԿՐԻ ու ՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքը: Չէ, ոչ մոռանալ: Մենք պարզապես սկսել էինք ապրել մեր առանձին-առանձին կյանքերը, որ անհրաժեշտություն չուներ հատվելու երկրի կյանքին: Մեծացել էինք: Ծերացել էինք:
Եվ այնքան անարդար ու այնքան ցավոտ է, որ անկախ պետության, մեր անկախ պետության կայացումի ու ինքնահաստատումի ամենակարևոր տոներից մեկը` Սահմանադրության օրը, ընդամենն ամրագրվեց պետական տոնացույցում ու այդպես էլ չդարձավ իրական տոն. ես այնքան նախանձում եմ ամերիկացիներին հուլիսի 4-ին:
Գուցե մեր դեպքում էլ կանցնի 100, 200, 300 տարի, բայց կգա ժամանակ, երբ մեզնից խելամիտ մեր հետնորդները քաղաքական շահերի ու անձնական ամբիցիաների սահմանափակումները հաղթահարած, ի վերջո պետության ու պետականության գոյության ու խորհրդանիշների իրենց սանդղակում կհասկանան ինչ է նշանակում ունենալ Սահմանադրություն, կհասկանան օրենքների իմաստն ու նշանակությունը և... կկատարեն: Գուցե նաև գնահատեն: ՈՒ` հարգեն: Ակնածանքով հիշեն իրենց նախնիներին, որ պետականություն ու պետության օրենքներ էին ստեղծում, ու ուսուցանեն իրենց ժառանգներին մեր ժամանակներում ոտնատակ տված պատվի ու պարտականության կանոնները: Թող որ այդ ժամանակ 1995-ին ու 2005-ին ընդունված Սահմանադրությունից միայն անունը մնացած լինի, կարևորը ԳԱՂԱՓԱՐՆ է և ՉԱՓԱՆԻՇԸ:
Իսկ այսօր մենք դեռ ճանապահին ենք, երբ տաք ենք` ունեցածը չգնահատելու և չունեցածը չգիտակցելու միջակայքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ